Միավորո՞ւմ, թե՞ բաժանում: National Catholic Reporter-ի (Կանզաս Սիթի, ԱՄՆ) սյունակագիրը վերլուծում է եկեղեցու և պետության կյանքում տեղի ունեցող իրադարձությունները: Եթե Ֆրանցիսկոս պապը և ուղղափառ պատրիարքները շարունակում են շարժվել դեպի միասնություն, Մեծ Բրիտանիան բացում է ԵՄ-ից դուրս գալու դուռը:
Պապի հանդիպումները ուղղափառ պատրիարքների հետ միասնության հույսերն են խրախուսում, Brexit-ը, կարծես, ուղղված է ԵՄ-ի տրոհմանը: Կաթոլիկ-ուղղափառ միավորումը Ֆրանցիսկոս պապի նպատակն է: Փետրվարին նա հանդիպեց Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ: Ապրիլին՝ Կոստանդնուպոլսի ուղղափառ պատրիարք Բարդուղիմեոսի հետ: Հունիսին այցելեց Հայ առաքելական եկեղեցի և շփվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հետ: Եվրամիությունում բրիտանացիները քվեարկեցին հօգուտ Brexit-ի: Համաշխարհային ֆինանսական շուկաները հայտնվել են վերուվարումների մեջ և ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի հետո: Ո՞րն է խնդիրը: Երբ մարդիկ ամեն անգամ ասում են՝ «Խոսքը փողի մասին չէ», վստահ եղեք, որ խնդիրը փողն է: Երբ մարդիկ ամեն անգամ հայտարարում են, որ իշխանությունն իրենց չի անհանգստացնում, վստահ եղեք՝ անհանգստության պատճառն իշխանությունն է: Կաթոլիկների ու ուղղափառների միավորման փորձաքարը Պապի առաջնայնությունն է: Խոսքն աստվածաբանության մասին չէ, այլ՝ ով ինչի համար է պատասխանատու: ԵՄ-ում քաղաքական վերահսկողության արտաքին բացակայությունը միայն նվազեցնում է անհատական ազգային հզորությունը և նվիրում է Բրյուսելի շտաբ-բնակարանին: Հարստություն, պատիվ, հպարտություն:
Ի՞նչն է կարևորը՝ միավորո՞ւմը, թե՞ բաժանումը:
Անգլիայի և ՈՒելսի կաթոլիկ եպիսկոպոսության նախագահ, կարդինալ Վինսենտ Նիկոլսը կոչ է արել արմատախիլ անել «ռասիզմի բռնկումները», որ հաջորդեցին ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի հանրաքվեին՝ գրում է Catholic Herald-ը (Լոնդոն): Մի քանի ռասիստական միջադեպեր գրանցվեցին երկրում, այդ թվում՝ Լոնդոնի Լեհական մշակույթի կենտրոնի պատին վիրավորական գրաֆիտին, Նյուքասլում Ազգային ճակատի կողմնակիցների բաները, որ կոչ էր անում ներգաղթյալներին տուն վերադարձնել: «Ատելության այդ բռնկումները ուրիշների նկատմամբ մենք չպետք է հանդուրժենք,- հայտարարեց Նիկոլսը:- Մենք պարտավոր ենք ասել, որ դա պարզապես անընդունելի է և երբեք չպետք է խրախուսվի»: Կարդինալի խոսքով՝ եթե հանրաքվեի արդյունքները «մնան բաժանման գիծ, մենք իբրև ազգ ավելի ու ավելի կթուլանանք և ոչ մի դեր չենք խաղա միջազգային ասպարեզում համաշխարհային խնդիրների լուծման մեջ»:
Polonia Christiana-ն (Կրակով) վերլուծում է, թե ինչ է նշանակում Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հուշագրի մասին «արտահոսքը» «եվրոպական գերտերության» ստեղծման մասին՝ շանտա՞ժ, թե՞ զոնդաժ: Պրոֆեսոր Մեչիսլավ Ռիբայի կարծիքով՝ «միայն խելագարը կցանկանա գերտերություն, որ կարգավորում են Փարիզն ու Բեռլինը»: Նրա կարծիքով՝ հուշագիրը պետք է դիտարկել յուրատեսակ «փորձություն» ոչ մեծ երկրների համար, ինչպես Վիշեգորոդյան քառյակն է՝ պարզելու նրանց հնազանդության աստիճանը այդպես «վախեցնելուց» հետո, այսինքն՝ խոսքը զոնդաժի մասին է: Բայց եթե ինչ-որ մեկը իրոք ցանկանա նման փոփոխություն անել, ԵՄ-ն կտրոհվի: Պրոֆեսորը կարծում է, որ պատճառն այն է, որ ԵՄ ղեկավարներն ապրում են ոչ միայն ազգային շահերով, այլև բազմամշակութային Եվրոպայի նախագծի ուտոպիստական-սոցիալիստական գաղափարով: Բոլոր ռացիոնալ փաստարկները «իսլամական զանգվածի» ընդունման դեմ մերժվեցին, ուստի մենք պետք է ուշադրություն դարձնենք տարբերակին, որ կանխատեսում է «հետագա խելագարության» ներդրումը:
National Catholic Reporter
Catholic Herald
Polonia Christiana
Հ.Գ. Այս օրերին Brexit-ը դարձել է ԵՄ-ում գոյություն ունեցող բոլոր խնդիրները խոշորացույցով դիտելու պատճառ՝ անփոփոխ եզրակացությամբ՝ ԵՄ-ն պիտի տրոհվի: Եվրոպացիները մոռացել են՝ ինչ գաղափարներ են իրենց միավորել և կառույցը ինչ հնարավորություն է տվել քաղաքական ու տնտեսական կյանքում: Իրականում բոլորովին էլ Brexit-ը չէ պատճառը, բուն պատճառը երկու տարբեր քաղաքակրթությունների՝ քրիստոնեական ու մուսուլմանական, բախումն է, որին Եվրոպան պատրաստ չէր և պատրաստվում էր դիմակայել համաքրիստոնեական իր արժեհամակարգով՝ հաշվի չառնելով, որ մուսուլմանական աշխարհն ապրում է այլ կանոններով և հանդուրժողականության ու սիրո եվրոպական արժեքները այնտեղ ոչինչ չարժեն: Brexit-ը պատրվակ դարձավ ալիքի վրա բարձրացնելու բոլոր սխալները, որ Եվրոպան արել էր անցած տարիներին ու հիմա ամեն ինչ բարդել Մեծ Բրիտանիայի վրա, նվազագույնը արդար չէ: Պետք է քաղաքականության և արժեքների վերագնահատում, որին ԵՄ-ն նորից պատրաստ չէ, որովհետև հիմա էլ հակառակ ալիքն է գլուխ բարձրացնում՝ կիսաբթացած ազգայնականությունը, որ մերժում է ընդհանրությունները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ